Ես քսանմեկ տարեկան եմ: Ես կույս եմ: Իհարկե, տղաներ իմ կյանքում եղել են, բայց դեպքերի բերումով կամ չցանկանալու պատճառով, ես չեմ տրվել նրանց: Սեր անելը դարձել է մեր ժամանակի գլխավոր խնդիրը` ասա, ա՜յ մարդ, ուզում ես գնալ սեր անել, ինչ ես աջ ու ձախ նայում, տառապո՛ւմ տանջվո՛ւմ: Վերջում էլ, եթե բախտդ չբերեց ու զուտ սեքսի համար չամուսնացար մի կիսաճաղատ, կիսաատամ և վրայից անընդհատ սխտորի հոտ բուրող մեկի հետ, ապա կդառնաս քառասունհինգ տարեկան գազազության գագաթնակետին հասած, իսկական տղամարդկանցից խրտնող ( ու դու էլ ոչ պակաս կիսաատամ ու կիսաճաղատ մնացած կույս)…ո՛չ կին, ո՛չ աղջիկ… Բայց, դե հո պատահական մարդկանց չես տրվի: Իսկ ես իմ քսանմեկ տարեկնում դեռ ուշաթափության հասնող սիրով չեմ տարվել: Ես նույնիսկ չեմ համբուրվել, դե այդպես էլ է պատահում, ինձ նման շատերը կան: Չնայած մի անգամ համբուրվել եմ, բայց ոչ տղայի հետ…չէ՛, չէ՛ ..և ո՛չ էլ աղջկա: Դպրոցական տարիներն էին: Մի անգամ իմ համադասարանցին` Արմենը ինձ հրավիրեց այգի զբոսանքի: Երբ ես մոտեցա նրան, նկատեցի ձեռքի բոսորագույն վարդը: Նա վարդը մեկնեց ինձ ու ասաց. - Սա քեզ, -և ուսերիցս բռնելով մոտ քաշեց ու փորձեց համբուրել: Չե՛ Արմեն ջան դու ինձ չես հրապուրում: Մի գուցե այն ժամանակ ես շատ մեծամիտ էի: Ես հրեցի նրան , նայեցի շփոթված դեմքին ու ապտակի նման շրմփացրի. - Հիմա՛ր: Այն ժամանակ հպարտ էի իմ պահվածքով, հետո շրջվեցի ու հպարտ, դանդաղ, զոհին վերջնականապես հոշոտած ընձառյուծի քայլվածքով հեռացա` թողնելով Արմենին գլխիկոր կանգնած: Վարդը մնացել էր ձեռքումս: Այգում քայլելով սկսեցի հոտ քաշել ծաղկից ու կամաց հպել շուրթերիս: Հանկարծ ես հասկացա , որ ինձ դուր է գալիս շուրթերիս հպել թավշյա վարդի կոկոնը: Այգում գրեթե մարդ չկար: Միայն նստարաններից մեկի վրա մի զույգ էր համբուրվում: Ես ետ նայեցի, հետևցս մարդ չէր գալիս: Նստեցի դատարկ նստարանին, աչքերս փակեցի ու նորից վարդի բուրումնավետ կոկոնը մոտեցրի շուրթերս: Ես դեռ համբուրվելու փորձ չունեի, բայց այդ թավշյա փափկությունն ու նուրբ ամրությունն ինձ ստիպում էր նորից ու նորից համբուրել վարդը…տարօրինակ է, հաճելի…տեսնես իսկական համբույրն Էլ է սրան նման : Հանկարծ ուշքի եկա հազոցի ձայնից: Մի պապիկ կանգնած ինձ էր նայում. - Սիրածի՞դ ես հիշում, բալա ջան, -ասաց նա ու մեղմ ժպտաց: Վեր թռա տեղիցս ու փախա, կարծես հանցագործության մեջ բռնված լինեի: Դրանից հետո դադարեցի այգում «համբուրվել»: Եվ այսպես, ինչպես ասում է Բոկաչոն` «սկսվում է գիրքը»... Դռան զանգն է: Ընկերուհիներս են, պիտի գնամ: Իմ ընկերուհիների նման այս քաղաքում չկան: Նրանք յուրահատուկ են…և նրանցից ոչ մեկն էլ կույս չէ… Սոֆի ... շարունակելի…
|